Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»

«Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
12.02.2021 | 20:43

Կորնավիրուսային համավարակը և վերջինիս տնտեսական հետևանքները հաղթահարելուն միտված աշխարհի բազմաթիվ երկրների կենտրոնական բանկերի կողմից աննախադեպ հզորությամբ գործարկված «տպիչ սարքերը» առաջ բերեցին բավական սուր խնդիր՝ կապված սննդամթերքի գների կտրուկ աճի հետ, ինչին աշխարհը չէր բախվել ավելի քան 10 տարի:

Հիմնական պարենային ապրանքների գները վերջին ութ ամիսներին անընդմեջ վերելք են ապրել բերքի ծավալների անկման, ասիական երկրների կողմից խոշարածավալ պահուստային գնումների, ինչպես նաև սպեկուլյատիվ կապիտալի հոսքի ավելացման հաշվին, ինչն այդ շուկաներին մղում է դեպի հերթական գնաճ: «Իրատեսի» հետ զրույցում նշում է տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանը:


Ըստ FAO-ի (ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն) հրապարակած տվյալների, ներկայացնում է մեր զրուցակիցը, պարենի համաշխարհային գների ցուցիչը 2021-ի հունվարին գերազանցել է նախորդ 6 տարիների ռեկորդը: Նշված ցուցիչը, որը ներառում է 5 հիմնական ապրանքախմբների կատեգորիաներում ներառված 95 անուն ապրանքներ, մանրամասնում է, մեկ ամսում աճել է 4.3 %-ով, իսկ մեկ տարվա կտրվածքով՝ 11%-ով՝ հասնելով 113.3-ի, ինչը 2014 թվականի հուլիսից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:
« Նշված աճը հիմնականում պայմանավորված է շաքարի, հացահատիկի և բուսական յուղերի գների ցուցիչների զգալի աճով, ինչպես նշվում է FAO-ի հաղորդագրության մեջ:

Եգիպտացորենի գները հունվարին կտրուկ աճել է 11.2%-ով, իսկ տարեկան աճը կազմել է 42. 3%՝ հասնելով 7-ամյա ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշին՝ ԱՄՆ-ում արտադրության անկման, Հարավային Ամերիկայում երաշտի և Արգենտինայից արտահանման ժամանակավոր սահմանափակումների պատճառով։ Ցորենը վերջին մեկ ամսվա ընթացքում թանկացել է 6.8% -ով ՝ Ռուսաստանից արտահանման կրճատման ակնկալիքների պատճառով, որտեղ մարտ ամսից արտահանման տուրքերը կրկնապատկվելու են: Բուսական յուղի գների ցուցիչը հունվարին ավելացել է 5.8%-ով, իսկ տարեկան աճը կազմել է 27%, ինչն ամենաբարձրն է 8 տարվա կտրվածքով: ԵՄ-ում, Ռուսաստանում, Թաիլանդում և Հարավային Ամերիկայում բերքի հետ կապված խնդիրները հարվածում են նաև շաքարի շուկային, որտեղ գները հասան 2017-ի մայիսից ի վեր արձանագրված ամենաբարձր ցուցանիշին»,- տվյալները համեմատում է տնտեսագետը:


Կաթնամթերքի համաշխարհային գները ևս, թեև ավելի դանդաղ չափով, սակայն այնուամենայնիվ աճում են։ Ըստ FAO- ի՝ կաթնամթերքի համապատասխան ցուցիչը հունվարին աաճել է 1.6%-ով, իսկ նախորդ տարվա համեմատ ՝ աճը կազմել է 7.1%:
Սարգսյանը նշում է, որ 2021-ի հունվարին բարձրացել են նաև բոլոր տեսակի մսի գները, ինչին նպաստել է համաշխարհային ներմուծման պահանջարկի կտրուկ աճը և միևնույն ժամանակ եվրոպական մի շարք երկրներից արտահանման սահմանափակումները՝ կապված թռչնագրիպի բռնկումների հետ։ Այս պահի դրությամբ սակայն մսի գնի ցուցիչը դեռևս 7.3 %-ով ցածր է նախորդ տարվա մակարդակից. «Համաշխարհային շուկայում սննդամթերքի մատակարարումների կրճատումները ներկայումս զուգակցվում են զգալի չափով աճած պահանջարկի հետ, քանի որ հիմնական խոշոր ներմուծողները մեծացնում են իրենց պահուստային պաշարները՝ 2007-2008-ի իրավիճակի կրկնությունը կանխելու համար։ Հիշեցնեմ՝ 2007-2008 թթ. սննդամթերքի գները կտրուկ աճեցին տարբեր երկրներում տեղ գտած երաշտի պատճառով, ինչը Աֆրիկյան մի շարք երկրներում ապստամբությունների պատճառ հանդիսացավ: Իսկ 2010-ին, երբ Ռուսաստանը հացահատիկի արտահանումը սահմանափակեց, պարենային ապրանքների գնաճն առաջ բերեց հեղափոխությունների շարք Մերձավոր Արևելքի երկրներում: Թեև սննդամթերքի պակասի սպառնալիք այս պահինհամաշխարհային շուկայում առկա չէ, սակայն աղքատ երկրների համար սննդամթերքի աճող գները կարող են դառնալ Covid-19-ից հետո երկրորդ հուժկու ցնցումը»:


Կարեն Սարգսյանը սննդի հասանելիությունը նույնպես իրական խնդիր է համարում, քանի որ բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր երկրներում կորցրել են իրենց եկամուտները: Եթե կտրուկ միջոցառումներ չիրականացվեն պետությունների կողմից, զգուշացնում է, ապա դա մի շարք երկրներում կարող է սոցիալական նոր աղետի հանգեցնել:
Անդրադառնալով Հայաստանին՝ նշում է, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2021թ․ հունվարին սպառողական գների ցուցիչը նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ սննդամթերքի, խմիչքի և ծխախոտի գծով աճել է 6․8%-ով, դեկտեմբերի համեմատ՝ 4․1%-ով։ Ընդ որում, 2021թ․ հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով 2020թ․ հունվարի համեմատ արձանագրվել է բավական բարձր երկնիշ գնաճ: Այսպես, բուսական յուղը թանկացել է 44.3%-ով, շաքարավազը՝ 40.7%-ով, ձուն՝ 26,4%-ով, ալյուրը՝ 12.5%-ով, միրգը՝ 12%-ով։

2021-ի հունվարին Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հունվարը 2020թ. հունվարի նկատմամբ) կազմել է 4.5%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.2%: Սա փաստացիորեն, ըդնգծում է, վերացնում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության հետագա մեղմացման հնարավորությունը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 78500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ